Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձեւավորված մանկական ճամբարում հանգստացող երեխաների մոտ հայտնաբերվել է սալմոնելոզ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նա նշեց, որ ճամբարում երեխաների վատ ինքնազգացողության մասին ահազանգը ստացել են օգոստոսի 7-ին, սկզբնապես խոսքը 2-3 երեխայի մասին էր, անմիջապես մեկնել են դեպքի վայր, իրականացրել համաճարակաբանական հետզոտություններ: Պարզվել է, որ 2 երեխայի մոտ եղել է թուլություն, գլխապտույտ, ջերմություն, թիմի կողմից տեղում իրականացված աշխատանքների արդյունքում աղեստամոքսային գանգատներով այլ երեխաներ եւս հայտնաբերվել են: Լիանա Թորոսյանն ասաց, որ անմիջապես կազմակերպել է համապատասխան բուժում, կատարվել է նմուշառում, ուսումնասիրվել է կեցության պայմանները:
«Խոհանոցում սննդի պատրաստման գործընթացի խախտումներ են հայտնաբերվել, տեղում ախտահանման աշխատանքներ են իրականացվել: «Նմուշառումների արդյունքում հիվանդներից անջատվել է սալմոնելոզ հիվանդություն, դա սուր աղիքային հիվանդություն է, որը պայմանավորված է սննդային ինֆեկցիայով: Այժմ ճամբարը շարունակում է գործել, հիվանդանոցում ոչ մի երեխա չունենք, բոլորի վիճակը լավ է, իսկ հետազոտությունները շարունակվում են»,-ասաց Լիանա Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձեւավորված մանկական ճամբարից 16 երեխա օգոստոսի 7-ին, աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: NEWS.am-ը առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ բոլոր երեխաների մոտ դիտվել է որովայնի շրջանում ցավեր, գլխացավ, թուլություն, միայն 2-ի մոտ` նաեւ ջերմություն եւ փսխում: Երեխաների վիճակը գնահատվել է թեթեւ եւ միջին ծանրության: Առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր եւ պարզել է, որ նախօրեին երեխաներից 2-ի մոտ նկատվել է թուլություն, գլխապտույտ, ջերմություն, որոնց նկատմամբ կազմակերպվել է բուժում, սակայն առավոտյան նրանք հոսպիտալացվել են: Կազմակերպված հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այլ երեխաներ եւս, որոնք նույնպես հոսպիտալացվել են:
Հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերման նպատակով քննարկվել են եւ սննդային, եւ ջրային գործունները, կազմակերպվել են նմուշառումներ` թե խմելու ջրի ցանցից, թե երեխաներին մատակարարվող սննդից, ուսումնասիրվել են խոհանոցի եւ երեխաների կեցության պայմանները, ինչպես հիվանդներից, այնպես էլ կոնտակտավորներից ապահովվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ խոհանոցում, ննջասենյակներում, սանհանգույցում:
Ներկա դրությամբ ճամբարում հիվանդ երեխաներ չկան, իսկ հոսպիտալացված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել:



























