Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի՝ ամուսինների եւ նրանց զարմիկների մարմինները Հայաստան չեն բերի, հոգեհանգիստը կկայանա հենց Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց  Ակունքի գյուղապետ Հենրիկ Կնյազյանը:

Նա նշեց, որ բարեկամներն արդեն մեկնել են ՌԴ, առայժմ հոգեհանգստի օրը հայտնի չէ: Գյուղապետն ասաց նաեւ, որ զոհված Պարույր Մանուկյանի մարմինը դեռ երեկ են գտել: «Պարույրի 28-ամյակն էր, գնացել էին նշելու, իրենք էլ ամուսիններով զարմիկներին վերցրել էին, նստացրել ուղղաթիռ, որ զվարճանն, բայց եղավ ցավալի դեպքը»,-ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն եւ ազգությամբ հայ 4 ուղեւորները զոհվել են:

ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի եւ ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները.

• Մանուկյան Պարույր Նորիկի (1987 թ. ծնված)

• Մանուկյան Լարիսա Վրեժի (1992 թ. ծնված)

• Գլչյան Օֆելյա Ազատի (2005 թ. ծնված)

• Գլչյան Էրիկ Ազատի (2007 թ. ծնված)

Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ: