Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ Մոլդովան կարող է նոր թեժ կետ դառնալ: Այս մասին նա գրել է իր հոդվածում, որը հրապարակվել է The New York Times թերթում:

Յագլանդը արձանագրել է, որ վերջին 6 տարիներին այդ երկրում եվրոպամետ իշխանությունների գալուց հետո քիչ բան է փոխվել. Պետությունը նախկինի պես գտնվում է օլիգարխների ձեռքում, երկրում ծաղկում է կոռուպցիան, հարյուր հազարավոր մոլդովացիներ ստիպված են մեկնել արտերկիր՝ լավ կյանք որոնելու, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ եվրոպամետ իշխանությունը բավականաչափ քայլեր չի ձեռնարկում, որպեսզի տնտեսությունը և պետական ինստիտուտներն ավելի բաց դառնան:

ԵԽ գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնում, որ երկրի իշխանություններն ի վիճակի չեն վերականգնել արտաքին ֆինանսավորման հետ կապված իրավիճակը, ինչը կարող է վերջնարդյունքում խոշոր ճգնաժամի հանգեցնել:

Բացի այդ, Յագլանդը զոգահեռ է անցկացնում Ուկրաինայի եւ Մոլդովայի միջեւ՝ հիշեցնելով, որ ապակայունացումը երկրում սկսվել է քաղաքական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի հիասթափությունից:

Ճգնաժամի վտանգի հետ կապված ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում Մոլդովայի կառավարությանը կանխել դատական համակարգում ցանկացած քաղաքական միջամտություն, ստուգումներ անցկացնել իշխանության կառույցներում եւ «քաղաքացիներին վերադարձնել նրանցից խլված պետությունը»: