Թաիլանդի թագավոր 87-ամյա Բհումիբոլ Ադուլյադեջի առողջական վիճակը բարելավվել է բուժման կուրսից հետո։ Այս մասին ասված է Թագավորական պալատի գրասենյակի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ միապետը վերջին ամիսներին գլխուղեղում կուտակված հեղուկի դուրսբերման պրոցեդուրաներ եւ թոքերի բորբոքման կանխարգելիչ բուժման կուրս է անցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թագավորի ընդհանուր վիճակը կարգավորվել է, իսկ ռենտգենի պատկերը ցույց է տալիս, որ ուղեղում հեղուկի ծավալը պակասել է եւ աստիճանաբար վերադառնում է նորմային, ասված է հայտարարության մեջ։
1946թ. գահ բարձրացած թագավորը իշխում է աշխարհի բոլոր միապետներից երկար։ 2009թ.-ից նա ժամանակի մեծ մասն անց է կացնում Բանգկոկի Սիրիրաթ հիվանդանոցում, որտեղ նրա եւ թագուհու համար առանձին հարկաբաժին են հատկացրել։





























