Եգիպտոսում խիստ շոգից մահացածների թիվը հասել է 40-ի, հաղորդում է «Ալ Ահրամ» թերթը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Մինչ այդ հաղորդվել էր ավելի քան 20 զոհի մասին։
Հայտնել են, որ միայն Կահիրեում վերջին օրերին մահացել է 11 մարդ։ Երկուշաբթի օրը մայրաքաղաքում ջերմաչափի սնդիկի սյունը գերազանցել է 37 աստիճանն ըստ Ցելսիուսի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Առողջապահության նախարարության հայտարարության համաձայն, եւս երեք մարդ մահացել է հիվանդանոցում՝ Կալյուբիա նահանգում, երեքն էլ՝ հարավային Սոհագ նահանգում։ Լուքսորում եւ Գիզայում մեկական մարդ է մահացել։
Երկրի հիվանդանոցներ է տեղափոխվել ընդհանուր հաշվով 92 մարդ, որից 70-ը դիմել է Կահիրեի բուժհաստատություններ։ Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել արեւի տակ դուրս չգալ տնից, փողոցում գլխարկ կրել եւ ավելի շատ հեղուկ խմել։
Օդերեւութաբանների տեղեկությունների համաձայն, երկրի մի քանի շրջանում ջերմաստիճանի ցուցանիշները նորման գերազանցում են 4-5 աստիճանով։ Խոնավության բարձր աստիճանն ավելի է բարդացնում վիճակը։ Օդերեւութաբանական ծառայության մամլո քարտուղարը հաղորդել է, որ նման եղանակը կարող է պահպանվել մինչեւ օգոստոսի կեսերը։




























