Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը «փայլուն» է գնահատում Սահմանադրության նոր նախագիծը։ Այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՍԴ անդամը ներկայացրեց, թե որոնք են նոր նախագծի առավելություններն ու թերությունները։

«Հայաստանում իշխանությունը կենտրոնացված է, իսկ քաղաքական դաշտն էլ գերանձնավորված։ Նոր նախագիծը հենց այս երկու հարցն է լուծում։ Հիմնական խնդիրը կառավարման համակարգի փոփոխությունը չէ։ Օրինակներ շատ ունենք, երբ երկիրը խորհրդարանական համակարգ ունի, սակայն ժողովրդավարական չէ, եւ հակառակը։ Ինձ համար կարեւորն այն է, որ այս նախագծով նոր երաշխիքներ են տրամադրվում դատական իշխանության անկախության համար»,- ասաց Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ ՏԻՄ ամբողջ համակարգի կայացման եւ զարգացման համար, այնուամենայնիվ, նոր նախագծում երաշխիքներ չկան։

ՍԴ անդամ խոսքով՝ եթե Սահմանադրության նախագիծն ընդունվի, երկրի տերն ու տիրակալը դառնալու է կառավարությունը, որը հաշվետու է լինելու Ազգային ժողովին. «Իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն, իսկ կառավարության ղեկավարն էլ վարչապետն է, որը դառնում է համար մեկ անձը երկրում։ Ինչ որ ձեւով կանցլերական պետություն ենք ստեղծում»։

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն հրապարակել է նոր նախագծի 1-15-րդ գլուխները։ Նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։