Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու դիմումը մերժվել է: NEWS.am-ի տեղեկություններով՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը նշել է, որ վարույթի հարուցման հիմքեր չկան, հետեւաբար՝ դիմումը ենթակա է մերժման: Ն
Նշենք, որ ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, որ ՄԻՊ-ի՝ դատավորի դեմ վարույթի հարուցման հարցը բարձրացնելու պատճառը փաստաբան Հայկ Ալումյանի դիմումն էր, ով պահանջում է փոխել իր պաշտպանյալ Արթուր Այվազյանի ռեժիմը:
Տեղաբաշխման հանձնաժողովը մերժել էր փոխել ռեժիմը այն պատճառով, որ նա դատապարտված լինելու ժամանակ կրկին հանցագործություն է կատարել եւ բացի դրանից՝ պատիժը կրելու ընթացքում 9 անգամ ենթարկվել է կարգապահական տույժի,առաջին ատյանի դատարանը չէր փոխել այս որոշումը, իսկ վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր փաստաբանի դիմումը՝ համարելով, որ պատիժը կրելու ընթացքում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար կրկին դատապարտված լինելու հանգամանքը դեռեւս բավարար պատճառ չի կարող հանդիսանալ դատապարտյալի ռեժիմի փոփոխության համար: Օմբուդսմենը համարել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտում, ինչ վարույթի հարուցման հիմք է:
Նշենք, որ Արթուր Այվազյանը լրատվամիջոցներում շատ հայտնի «Մանախն է», ով դատապարատված է 15 տարվա ազատազրկման, նրա պատժաժամկետը լրանում է 6 ամսից: Մանախը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Շմայսի եղբոր նախկին թիկնազորի պետն է, նա դատապարտվել է հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկա Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար: Անազատության մեջ Մանախը բազմիցս հացադուլ է հայտարարել, կարել բերանը, հայտարարություններով եւ բաց նամակներով հանդես եկել իրեն սպառնացող վտանգների մասին, ինչպես նաեւ մի շարք պաշտոնյաների մասին բազմաթիվ սկանդալային հայտարարություններ է արել:





























