Խորհրդարանական երկփուլ ընտրությունների դրույթը Սահմանադրության նոր նախագծից չպետք է հանվի։ Այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովի հետ ինքը համակարծիք չէ։
«Կարծում եմ՝ ավելի լավ է ժողովրդին տալ հնարավորություն՝ մեծամասնություն ստեղծելու, քան քաղաքական ուժերը խորհրդարանում ժողովրդի թիկունքին ստեղծեն արհեստական մեծամասնություն»,- ասաց ՍԴ անդամը։
Հարցին, թե նոր նախագծով իսկապես լայն հնարավորություններ են տրվում քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց. «Եվ քաղաքացիական հասարակությանը, եւ հասարակական կազմակերպություններին, եւ քաղաքական ընդդիմությանը, եւ անհատին լայն հնարավորություններ են տրվում նոր նախագծով»։
Նշենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխները։ Նոր նախագիծը նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։
Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է իր կարծիքը՝ առաջարկելով Սահմանադրության նախագծից հանել երկփուլ ընտրությունների դրույթը։





























