Սահմանադրական դատարանի անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ստեղծումը  վիրավորական է։ Այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։

«Սա ինձ համար վիրավորական է, բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է Սահմանադրության նոր նախագիծը նման դրույթ առաջարկում, չէ՞ որ նախկինում ոչ մի նման դրույթ չի եղել։ Կարծում եմ՝ երկիրն ի վիճակի է 9 մարդ ընտրել եւ ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց ՍԴ անդամը։

Նրա խոսքով՝ ՍԴ անդամների թիվը պետք է լինի 12, ոչ թե 9, ինչպես որ առաջարկվում է նախագծով։

Նշենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի 1-15-րդ գլուխները։ Նոր նախագիծը նախատեսում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին։

Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է իր կարծիքը՝ առաջարկելով Սահմանադրության նախագծից հանել երկփուլ ընտրությունների դրույթը։