Հայկական հարցը Թուրքիայի օրակարգային հարցերի  թվում չէ, քանի որ  Թուրքիայի համար այժմ առաջնայինը քրդական հարցն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողներին ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

«Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, քանի որ Թուրքիան ունի քրդական հարց, ԵՄ անդամակցության հարց, Կիպրոսի հարց: Քրդական հարցը առաջնային է, քանի որ Թուրքիայի բնակիչների  20 միլիոնը քրդեր են եւ այս պարագայումԹուրքիայի համար կա տարածքային ամբողջականության խնդիր»,-ասաց նա:

Թուրքագետի խոսքով, այս պահին Թուրքիան շարունակում է առերեսվել իր համար մեծ լրջություն ներկայացնող խորքային խնդիրների հետ եւ գտնվում է ներքաղաքական անկայուն վիճակում:

«Այժմ Թուրքիայում սրված է քրդական խնդիրը, իսլամական պետության հետ տարաձայնություններ կան եւ նոր կառավարություն ձեւավորելու միտում: Էրդողանի քայլերն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ  անհրաժեշտ են նոր ընտրություններ եւ Թուրքիայի իշխող կուսակցությունը քրդական հարցում սրացումների գնալով՝ փորձում է ընտրությունների նախապատրաստվել: Այսպիսի իրավիճակում ավելի հեշտ է պայքարից դուրս հանել քրդական  ուժին, ինչի փորձը կա Թուրքիայում»,-ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով,  Թուրքիային անհրաժեշտ է քրդական ուժը չեզոքացնել, քանի որ այդ նույն ուժը անցած ընտրություններին 13 տոկոս ձայն հավաքելով՝ թույլ չտվեց Էրդողանին միահեծան իշխանություն կազմել: Նրա կարծիքով, թուրք-քրդական բախումները որոշ չափով ձեռնտու են Հայաստանին :

«Իմ կարծիքով Թուրքիայում կլինեն նոր ընտրություններ եւ իշխանության թիրախում կհայտնվի քրդական ուժը:  Թուրքիայում ներքին անկայուն վիճակը որոշ չափով բխում է  Հայաստանի շահերից այն պարզ պատճառով, որ Թուրքիան իր ներքին խնդիրների վրա է կենտրոնանում՝ չկարողանալով կենտրոնանալ արտաքին ճակատում Հայաստանի դեմ պայքարին»,-նշեց թուրքագետը: