Թուրքիայում աղմկահարույց գործերը քննած դատախազ Զեքերիա Օզի հետ կապված աղմուկն արդեն հասել է Հայաստան միայն այն բանի համար, որ թուրքական Anadolu գործակալությունը տեղեկություն է տարածել, թե իբր Զեքերիա Օզն ու մեկ այլ դատախազ Ջելալ Քարան Վրաստանի միջով փախել են Հայաստան։

Ո՞վ է Զեքերիա Օզը։ Զեքերիա Օզը  ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում, 1968-ին։ Նրա ընտանիքը 1951-ին գաղթել էր Բուլղարիայից։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բուրսայում։  1986-ին ընդունվել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտել է 1991-ին։ Մինչեւ 1997-ը Բուրսայում գրանցված է եղել փաստաբանների պալատում եւ զբաղվել փաստաբանությամբ։ 1997-ին հաղթել է դատախազների եւ դատավորների համար նախատեսված քննությունը եւ դատախազ դարձել։

1999-ին մեկնել է զինվորական ծառայության, սակայն քաշի հետ կապված խնդիրների պատճառով 2000-ին ծառայության համար ոչ պիտանի է ճանաչվել եւ զորացրվել։

2004-ին նշանակվել է Ստամբուլի Ումրանիյեի շրջանում որպես հանրապետական դատախազ։  Ցմահ ազատազրկման պահանջով դատ է բացել «Ալ-կաիդայի» անդամ Էլ-Սաքքայի դեմ։

2007-ին հունիսի 12-ին Ումրանիյեում մի պայուսակ նռնակներ հայտնաբերվելուց հետո «Էրգենեկոն»-ի գործը հետաքննել սկսած դատախազներից մեկն է, ով ստացել է հատուկ իրավասություններով դատախազի կոչում։

2013-ի դեկտեմբերի 17-ից 25-ը Թուրքիայում իրանականացրած «Մեծ կաշառք» գործողությունը գլխավորած դատախազներից մեկն է։ «Մեծ կաշառքի» ժամանակ մերկացվել են Էրդողանի որդու, մի քանի նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ միլիարդների հասնող կոռուպցիոն գործարքները։ Սակայն Զեքերիա Օզը եւ գործը ղեկավարող մյուս դատախազները Էրդողանի հրահանգով հեռացվեցին պաշտոններին եւ նրանց նկատմամբ գործեր հարուցվեցին։

Իսկ Զեքերիա Օզի եւ Ջելալ Քարայի նկատմամբ ձերբակալման որոշում ընդունելուց րոպեներ առաջ երկու դատախազները Թուրքիայի Հոփայի սահմանակետով մտել են Վրաստան, սակայն թուրքական Anadolu-ն անհիմն պնդումներ է արել, թե նրանք անցել են Հայաստան։

Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, թե նման անուն ազգանուններով անձիք Հայաստան մուտք չեն գործել։