Մալայզիայի ընդդիմությունը օգոստոսի 12-ին երկրի վարչապետ Նաջիբ Ռազակի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ նրա հաշվեհամարներին հայտնաբերված 700 մլն դոլարի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ազգային արդարության ընդդիմադիր կուսակցությունը կարծում է, որ բանկի հաշվեհամարներին 26 անգամ ավելի շատ գումար է եղել, քան վարչապետին թույլատրվում է ծախսել նախընտրական քարոզարշավի համար:
Օգոստոսի 5-ին Մալայզիայի հակակոռուպցիոն վարչությունը հայտարարել էր, որ հաշվեհամարի վրա գումարը փոխանցվել է մասնավոր հանգանակություններից եւ ոչ մի կապ չունի 1MDB պետական ֆոնդի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վարչությունը մտադիր է հարցաքննել վարչապետին գումարի ծագման կապակցությամբ:
Հուլիսի 31-ին Նաջիբ Ռազակը հերքել էր բոլոր մեղադրանքները:





























