«Մենք» երիտասարդական նախաձեռնությունը օգոստոսի 16-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպելու է հերթական դրամահավաքը` բանակում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած 22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար։ NEWS.am-ի հետ զրույցում Սամվել Ավետսյանի կինը՝ Էմմա Եղիազարյանը, նշեց, որ դրամահավաքը սկսվելու է ժամը 17:00-ին և շարունակվելու է մինչև 23:00-ն:
«Դրամահավաքի ընթացքում լինելու է համերգային ծրագիր, որին մասնակցելու են հայտնի երգիչներ, լինելու է նաև ցուցահանդես վաճառք, որից ստացված գումարը փոխանցվելու է Սամվելի բուժման համար բացված հաշվեհամարին, և լուսանկարիչներ, որոնք քաղաքացիներին են նկարելու և լուսանկարների վաճառքից հավաքված գումարը փոխանցելու են մեզ»,-ասաց նա:
Էմմա Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ դրամահավաքի շրջանակում քաղաքացիներին թռուցիկներ են բաժանվելու, որոնց վրա գրված են լինելու հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Սամվելի համար:
«Մնացել է 5 հազար եվրո, և մենք կկարողանանք իրականացնել մեր երազանքը՝ բուժել Սամվելին: Այժմ Սամվելը համեմատաբար լավ է զգում իրեն, նա առաջ իր ոտքերը չէր զգում, այժմ քիչ-քիչ զգում է, կամաց-կամաց վերականգնվում է, հուսանք, որ Գերմանիայում բուժումից հետո վերջնականապես կվերականգնվի»,-ասաց Էմման:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած 22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ է հավաքել ևս 5 հազար եվրո, որն անհրաժեշտ է նախնական ստուգումների, ճանապարհածախսի ու Գերմանիայում մնալու համար, որից հետո Սամվել Ավետիսյանի բուժման ծախսերը կհոգա «Կարմիր խաչը»:
Նշենք, որ 2012թ. բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած և արդեն 3 տարի անվասայլակին գամված Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ է 10,000 եվրո։




























