Ներկայում Քեսաբում իրավիճակը շատ ավելի հանգիստ է. կյանքը վերադառնում է բնականոն հուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի` Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լնցյանը։

«Ժողովրդի 90 տոկոսից ավելին վերադարձել են իրենց բնակավայր: Քեսաբը վերականգնվում է, մարդիկ վերականգնում են իրենց տները։ Մարդիկ այժ հիմնականում զբաղվում են հողագործությամբ»,– ասաց համայնքի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` Հալեպից նույնպես ընտանիքներ են տեղափոխվել Քեսաբ և բնակություն հաստատել այնտեղ. «Հիմա մենք մեզ ապահով ենք զգում, չնայած վստահ չենք, որ չի կրկնվի»։

Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով վտանգի տակ է եղել նաև Քեսաբի թիմի մասնակցությունը Համահայկական վեցերորդ խաղերին։

«Չնայած մեծ դժվարություններին` մենք մեծ աշխատանք կատարեցինք, կարողացանք գալ այստեղ, որը մեզ համար երազ էր։ Թիմն արդեն նվաճել է 2 բրոնզե մեդալ»-ասաց Շանթ Լնցյանը` ընդգծելով, որ իրենց թիմը նույնիսկ չի կարողացել քաղաքում նորմալ մարզվել։

Քեսաբի թիմը բաղկացած է 17 հոգուց, որոնք հիմնականում մինչև 20 տարեկան երիտասարդներ են: