ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Անդրանիկ Նիկողոսյանին ԱԺ բարձրագույն պարգեւ ԱԺ պատվո մեդալից զրկելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Պարոն Մարուքյանի գրավոր առաջարկին պատասխան է տրվում, որ օրենքը պարգեւից զրկելու ընթացակարգ չի նախատեսում։ Ինչ վերաբերվում է 2013 թվականին ԱԺ նախագահի կողմից Անդրանիկ Նիկողոսյանին ԱԺ պատվո մեդալով պարգեւատրմանը, ապա նշեմ, որ պարգեւատրման առիթը չի եղել նրա ունեցած հայացքները, կարծիքը կամ դրանց հրապարակային հայտարարումը։ Այդ ժամանակ նրա ունեցած կարգավիճակում կատարած աշխատանքի գնահատման համար է պարգեւատրվել։ Ցավոք պարգեւատրողը ոչ միշտ կարող է կանխատեսել պարգեւատրվողի հետագա գործողություններն ու արված հայտարարությունները»,-ասաց Արսեն Բաբայանը։

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում ԱԺ նախագահը Նիկողոսյանի հայտնի հայտարարությունը, նա նշեց, որ ամեն հայտարարություն չէ, որ արժանի է պատասխանի կամ մեկնաբանության:

Հիշեցնենք, որ Մարուքյանը պահանջում է Նիկողոսյանից հետ վերցնել ԱԺ-ի շնորհած բարձրագույն պարգեւը՝ ԱԺ պատվո մեդալը, Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու անհրաժեշտության մասին արած հայտարարության համար: