Ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանը խոշոր չափի խարդախության համար մեղադրվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին եւ ամուսնուն՝ Արիֆ Յունուսին դատապարտել է համապատասխանաբար 8,5 եւ 7 տարվա ազատազրկման։
Հետաքննության վարկածի համաձայն, Լեյլա Յունուսը, լինելով «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիրը եւ տնօրենը, «հայկական կենտրոնի հետ համատեղ նախագծերի իրականացման քողի տակ միջազգային դոնորական կազմակերպություններից դրամաշնորհներ է ստացել»։
Յունուսն այդ գումարներն իր ամուսնու միջոցով իբր «օգտագործել է՝ բարելավելու այն մարդկանց նյութական վիճակը, ում կարողանում էր հավաքագրել լրտեսական գործունեության համար»։ Ինքը՝ Լեյլա Յունուսը, ամբողջությամբ հերքում է իր մեղքը։
Տնտեսական բնույթի հոդվածներից բացի, ամուսիններին մեղադրում են նաեւ պետական դավաճանության համար, բայց այդ գործն առանձին վարույթում է գտնվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։




























