ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մինչեւ 2017 թ. կունենա նոր՝ «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետ:

Կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս եւ շենք-շինություն ձեռքբերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնել՝ սահմանային հսկիչ նոր կետը կառուցելու համար:

«Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015 թվականի մայիսի 21-ի համաձայնագրով եւ ՀՀ ԵԱՏՄ անդամակցության Ճանապարհային քարտեզով է նախատեսված սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժասանիտարական միջոցառումներ իրականացնել: Այդ շրջանակներում էլ՝ ռուսական դրամաշնորհի միջոցներով, կկառուցվի (կվերակառուցվի) Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխան սահմանային բուսասանիտարական վերահսկողության նոր կետ՝ հագեցած վարակազերծման ժամանակակից համակարգերով, որը կներառի նաեւ անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատորիա: