Չինացի հայտնի միլիոնատեր եւ բարերար Չեն Գուանբյաոն պայթյուններից տուժաշ նավահանգստային Տյանցզին քաղաք այցից հետո թունավորման ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց:

Գուանգյաոն իր 23 աշխատակիցների ուղեկցությամբ Տյանցզին է այցելել օգոստոսի 13-ին՝ պայթյունից հաջորդ օրը: Խումբը քաղաք է եկել՝ տուժածներին օգնելու համար:

30 ժամ անց Չեն Գուանբյաոն բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից եւ մկաններում թուլությունից: Հիվանդանոցում նրան չափավոր թունավորում են ախտորոշել:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, չնայած դրան, Գուանբյաոն խոստացել է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել տուժածներին:

Տյանցզինում օգոստոսի 12-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, 114 մարդ է մահացել, 70 հոգի անհետ կորած է համարվում, շուրջ 700 մարդ էլ հոսպիտալացվել է: