Ամերիկյան Ատլանտա քաղաքի Միջհամայնքային հարաբերությունների խորհուրդը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Այս մասին գրում է «Massis Post»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայկական համագումարին:  

Ջորջիա նահանգում Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը քաղաքապետարանի շենքում նշված կազմակերպության հետ հանդիպմանը Ցեղասպանության վերաբերյալ ելույթով է հանդես եկել: «Մեծ պատիվ էր Ատլանտայի հրեական համայնքին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Այդ բանաձեւի միաձայն ընդունումը ցույց է տալիս տեղական համայնքներում ցեղասպանության դեմ քարոզչական գործունեությունն ընդլայնելու կարեւորությունը»,- նշել է նա:

Փաստաթուղթը կոչ է անում ճանաչել Թուրքիայի իրագործած ցեղասպանությունը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներին հորդորում է այդ իրադարձությունները «ցեղասպանություն» կոչել: Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով բանաձեւի ընդունումն ամրապնդում է հրեա-ամերիկյան քարոզչական գործունեության մեջ աճող միտումը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու ուղղությամբ: