«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր` օգոստոսի 22-ին, շուրջ երկու տասնյակ համախոհներով բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ` պահանջելով, որպեսզի ոստիկանության նախկին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը գա եւ հրապարակային ներողություն խնդրի 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիից, որին երեկ «Ոտքի՛, Հայաստան»-ի ակցիայի ժամանակ ապտակել էր:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ոստիկանը ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել հավաքին, քանի որ վնասվածքներ ունի եւ այս պահին ստացիոնար բուժօգնություն է ստանում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ակցիայի մասնակիցներին հորդորեց սպասել իրավական գնահատականին, եւ դեպքը չտեղափոխել բարոյական դաշտ:

«Մեր քաղաքացիները երբեմն արդարություն են պահանջում անօրինական մեթոդներով: Օրինական ճանապարհով ծառայողական քննությամբ մարդու սխալը, զանցանքն ապացուցելն է: Ակնհայտ է, մենք հարվածը տեսել ենք, մենք դատապարտում ենք: Ոչ ոք չի ասում, որ ոստիկանության ծառայողն իրավաչափ է գործել, բայց հասկացեք, օրենքով սահմանված  ընթացակարգեր կան, մենք երբեմն չենք համբերում, այդպես չի լինում՝ օրինականություն հաստատել օրենքը շրջանցելով»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Ակցիայի մասնակիցները նաեւ պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել ավագ լեյտենանտին եւ փոխհատուցել  Հակոբ Նազարյանի վնասված լսողական ապարատի համար:

Աշոտ Ահարոնյանի խոսքով` ակցիայի մասնակիցների պահանջը կատարված է. ոչ իրավաչափ գործողություններ կատարած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են, նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

«Բոլոր իրավական ընթացակարգերն արվել են, չկա մի բան, որ բաց է թողնվել: Ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, ծառայողական քննություն է նշանակվել: Կենտրոնի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվել Հակոբ Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա, նյութերն ուղարկվել են դատախազություն: Ոստիկանությունն իր աշխատակցի ցանկացած գործողության համարժեք գնահատական է տալիս»,- ասաց Ահարոնյանը՝ ակցիայի մասնակիցներին կոչ անելով սպասել ծառայողական քննության ավարտին:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցներին հսկում են մեծ թվով ոստիկաններ: «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին է միացել նաեւ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը:

Լուսանկարները ՝ Արսեն Սարգսյան/NEWS.am