«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենահայտնի դահիճներից մեկն առաջին անգամ ցույց է տվել իր դեմքը, հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը: 

Մեկ րոպե տեւողությամբ տեսանյութում Ջիհադ Ջոն անունով հայտնի տղամարդը հաղորդում է, որ իրեն կոչում են Մուհամեդ Էմբազի եւ որ ինքը նախատեսել է շուտով   «Բրիտանիա վերադառնալ խալիֆ Ալ-Բաղդադիի հետ» եւ շարունակել «սպանել անհավատներին»:

Բրիտանացի փորձագետները վերլուծել են ստացված կադրերը: Առայժմ դրանց իսկությունը պաշտոնապես չի հաստատվել: 

Ջիհադ Ջոնը 1994 թվին  հինգ տարեկանում իր ընտանիքի հետ Քուվեյթից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: 2012 թվին նա մեկնել է Սիրիա, որտեղ անդամագրվել է «Իսլամական պետությանը»: Մինչեւ վերջերս նա խմբավորման կողմից իրականացվող եւ համացանցում տեղադրվող մահապաժի տեսարաններում ամենից հաճախ հանդիպող մարդասպաններից էր: Բայց վերջին ժամանակներս Ջիհադիի ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չկար, ինչի հետեւանքով էլ լուրեր էին տարածվել նրա մահվան մասին, գրում է   «Ռոսիյսկայա գազետան»: