Ահաբեկչության սպառնալիքի պատճառով Եվրամիությունը կարող է վերականգնել սահմանային ստուգումն ու վերանայել շենգենյան տարածքում տեղաշարժման նորմերը: Այդ մասին հաղորդել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը RTL հեռուստաալիքին իր տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Thalys գնացքում վերջերս տեղի ունեցած հարձակումը, գրում է Lenta.ru-ն։
«Շենգենյան համաձայնագիրը կարեւոր է մեր տնտեսության համար, բայց ահաբեկչական սպառնալիքին դեմ-հանդիման մենք գուցե պարտավոր ենք վերանայել ուղեւորի անձը պարզելուն եւ ուղեբեռի ստուգմանը վերաբերող կետերը», — ասել է Միշելը: Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում արդեն քննարկել է այդ հարցը:
Բելգիայի վարչապետն ընդգծել է, որ ԵՄ-ի երկրները պիտի պատրաստ լինեն իրենց ազատության մի մասը զոհաբերել ահաբեկչությնա դեմ պայքարին:
Բելգիայի կայարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ուղեբեռի ընտրովի ստուգում է մտցվել, միջազգային Thalys գնացքներում ֆրանսիացի եւ բելգիացի ոստիկանները համատեղ են իրականացնում պարեկությունը:
Օգոստոսի 21-ին Ամստերդամից Փարիզ ուղեւորվող Thalys գնացքի վագոնում արաբական ծագումով երիտասարդը ինքնաձիգ զենքից կրակ էր բացել՝ վիրավորելով երկու մարդու: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ուղեւորների վրա հարձակվածը 26-ամյա մարոկկացի է, որը նախկինում ապրել է Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Բելգիայում:





























