ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը՝ Dow Jones-ի ինդեքսը, օգոստոսի 24-ին ավելի քան 1.000 կետով ընկել է:

Ռեկորդային անկումը՝ մինչեւ շուրջ 15.500 կետի, տեղի է ունեցել չինական բաժնետոմսերի 8%-անոց անկումից եւ նավթի ու այլ տեսակի հումքի վաճառքից հետո:

Reuters-ի փոխանցմամբ, նվազել են նաեւ ամերիկյան մյուս գլխավոր ինդեքսները: S&P 500-ը կորցրել է 3.24%՝ հասնելով մինչեւ 1.907 կետի: NASDAQ-ը կրճատվել է 3.82%-ով՝ հասնելով 4.526 կետի:

Այսօր անկում են ապրել նաեւ չինական եւ եվրոպական ինդեքսները: Չինական ֆոնդային շուկան, 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր, ամենամռայլ առեւտրային անկումն է գրանցել: Խուճապային վաճառքի ալիքի ընթացքում Շանհայի բորսան 8.5% է կորցրել:

Այս բոլոր իրադարձություններն ուղեկցվում են նավթի գների ռեկորդային անկմամբ: