ԵՏՄ-ին անդամակցության շրջանակում Ղըրղզստանը մտադիր է համակարգային տնտեսական բարեփոխումներ իրականացնել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սափար Իսակովը:

Նրա խոսքով, Ղըրղզստանը մտադիր է իր թեթեւ արդյունաբերական եւ գյուղատնտեսական հատվածի արտադրանքի համար շուկաներ ձեռք բերել: «Մենք դրական ենք տրամադրված, ցանկանում ենք առավելագույն օգուտ քաղել ԵՏՄ-ին անդամակցությունից»,- ասել է Իսակովը:

Ըստ պաշտոնյայի, ինտեգրացիոն միավորմանը Ղըրղզստանի անդամակցությունը նաեւ հնարավորություն կընձեռնի հանրապետությունում լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել, ինչը երկրի աշխատանքային միգրանտների մի մասին թույլ կտա հայրենիք վերադառնալ:

«Միջազգային գործերում Ղըրղզստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում, մենք այլեւս գետի հոսանքով չենք ընթանա, այլ ակտիվ արտաքին քաղաքականություն կվարենք: Այս հարցում հատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանը: ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ համար պարզապես խոսքեր չեն, այլ սերտ փոխգործակցություն, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ»,- ասել է նա: