Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին առաջարկելով հաշվարկներում անցնել ռուբլու՝ Հայաստանի վարչապետն առաջին հերթին նկատի ուներ գազի գինը: Այս մասին սեպտեմբերի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Սուրեն Կարայանը, որպես Կառավարության ներկայացուցիչ, շատ հստակ բացատրեց, որ վարչապետը նկատի է ունեցել գազի գնի հաշվարկը ռուբլիով, այլ ոչ թե դոլարով կատարելու հարցը:
«Ես տնտեսագետ չեմ, բայց տնտեսագիտության ոլորտում նույնիսկ իմ համեստ հաշվարկները հուշում են, որ եթե գազի գինը հաշվարկվի ռուբլիով, ավելի շահավետ կլինի: Տպավորություն ունեմ, որ Հայաստանում ռուբլու եւ դոլարի տատանումների պատճառով դոլարով եւ եվրոյով գազի գնի հաշվարկը շահավետ չէ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր փոխադարձ հաշվարկներում անցնել ռուբլու:





























