Գերմանիայում Սահմանադրությունը Աստվածաշնչից ու Ղուրանից վեր է։ Սա պետք է մեկընդմիշտ հասկանալի լինի այս երկիր մտնող ցանկացած փախստականի համար։ Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականում գրում է հոդվածագիր Միխայել Մարտենսը՝ անդրադառնալով Գերմանիա ներթափանցած փախստականների խնդրին։
«Գերմանիան առաջիկա տարիներին ստիպված է լինելու հարյուր հազարավոր կամ միգուցե միլիոնավոր մարդկանց ինտեգրել իր հասարակություն կամ գոնե փորձել անել դա։ Սա ամենալուրջ մարտահրավերն է, որի առջեւ կանգնել է Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։
Որպեսզի դիմակայենք այդ մարտահրավերներին, մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ եւ այն մարդկանց հետ, ովքեր վտանգել են իրենց կյանքը մեր երկիր գալու համար։ Այդ ազնվությունը մեզ դրդում է պարզաբանումներ անել այն հիմնական օրենքների կապակցությամբ, որոնք Գերմանիան իր «բարի գալուստ»-ի քաղաքականության մեջ դժվար թե հիշատակած լինի»,- գրում է հեղինակը։
Անդրադառնալով գերմանացիների եւ ներգաղթյալների մշակութային եւ արժեհամակարգի տարբերությանը՝ հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում Գերմանիայի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներին եւ դրանց անքակտելիությանը։ «Մենք պետք է հենց սկզբից ներգաղթյալների համար պարզաբանենք, թե ինչ են նշանակում սահմանադրական նորմերն ու եվրոպական արժեքները, որոնք Գերմանիան այդքան հրապուրիչ են դարձնում հենց այդ նույն փախստականների համար։ Եթե մենք ընդունում ենք նրանց մեր «բարի գալուստի» մշակույթով եւ արժեքներով, ապա նրանց համար պետք է մեկընդմիշտ պարզ դառնա, որ այդ արժեքների հիմքը սակարկության ենթակա չէ։
Այդ արժեքների թվում է այն սկզբունքը, որը սահմանում է, որ Գերմանիան պետություն է, որտեղ մարդ կարող է հավատալ Աստծուն կամ չանել դա, եւ երկու դեպքում էլ նա ունի այդ մասին բարձրաձայն արտահայտվելու ազատ իրավունք։ Գերմանիան երկիր է, որտեղ կանայք ինքնուրույն եւ ինքնաբավ կյանք վարելու իրավունք ունեն, եւ որտեղ նրանց հայրերը, եղբայրներն ու ամուսինները այդ կյանքին միջամտելու իրավունք չունեն։
Այս երկրում մարդիկ ազատ են լինել լեսբուհի կամ գեյ։ Սա երկիր է, որտեղ մահապատիժն արգելված է, եւ Իսրայելի գոյությունը հարցականի տակ չի դրվում։ Սա երկիր է, որտեղ թույլատրվում է ծաղրել կրոնը եւ Աստվածաշնչի ու Ղուրանի մասին կատակներ անել։ Այս ամենը Գերմանիայի քաղաքացիների մեծ մասի համար ինքնըստինքյան հասկանալի է, սակայն մարդկանց այն հսկայական զանգվածի համար, որը հիմա մեր երկիր է եկել, ճիշտ հակառակն է»,- շարունակում է հեղինակը։
Միխայել Մարտենսի կարծիքով ինչ-որ մեկը կարող է դա անճաշակություն կամ հիմարություն համարել, սակայն ոչ ոքի համար ճակատագրական քայլ չպիտի լինի, եթե նա որոշի Ղուրանի էջերը պոկել եւ զուգարանում օգտագործել, քանի որ Գերմանիան այն պետությունն է, որտեղ դա հանցագործություն չի համարվում։
«Հավատացյալ մուսուլմանը պետք է ընդունի, որ ուրիշների համար Ղուրանն ու Մարգարեն կարող են կատակի առարկա դառնալ, եւ որ այդ մարդիկ դրա մասին կարող են կատակով բարձրաձայն արտահայտվել ճիշտ այնպես, ինչպես որեւէ մեկը կարող է կատակի վերածել գերմանացիների կազմակերպած Հոլոքոստը։ Դա վկայում է մարդու տգիտության մասին, բայց ոչ մի դեպքում դրա համար պատիժ չի սահմանվում։ Եվ դա պետք է պարզ դառնա բոլոր նրանց համար, ովքեր այստեղ ապրել են ուզում։ Սա սակարկության ենթակա չէ։
Այստեղ ապրել ցանկացող շատ մարդիկ ստիպված են գերմաներենից բացի նաեւ այլ բաներ սովորել»,- ամփոփում է հեղինակը։





























