Բուհական ինքնավարությունը չի նշանակում բուհական անկախություն: Այս մասին, սեպտեմբերի 15-ին, հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ԵՄ Տեմպուս «Կայուն եւ ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արեւելյան հարեւանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրին մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաեւ կրթության նախարարությունների ներկայացուցիչները: Ծրագրի եռամյա գործունեության հիմնական նպատակը բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների վերլուծությունը, քարտեզագրումն ու ազգային նախարարություններին առաջարկությունների ներկայացումն է:

Նախարար Աշոտյանը ելույթի իր խոսքում ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երեւանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երեւանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ:

«Բուհական ինքնավարությունը չի նշանակում բուհական անկախություն: Միգուցե անկախությունը պետական մարմիններից ավելանում է, սակայն զուգահեռաբար ավելանում է կախվածությունը մյուս շահառուներից՝ ուսանողներ, ծնողներ, քաղաքացիական հասարակություն եւ այլն: Այլ կերպ ասած միակենտրոն կախվածությանը պետք է գա փոխարինելու բազմակենտրոն կախվածությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով. «Բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայունությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»: