Նոյեմբերի 3–ին ՌԴ Տուլայի շրջանում վթարի ենթարկված ավտոբուսը շահագործող «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը  համաձայն է ողբերգության պատճառի պաշտոնական վարկածի հետ։ NEWS.am–ի հետ զրույցում Արթուր Հարությունյանը պատմել է այն մասին, թե իր տեղեկություններով ինչպես է դեպքը տեղի ունեցել, նաեւ այն մասին, թե Տուլայի դեպքից հետո ինչ խնդիրների առջեւ են կանգնել հայ ուղեւորափոխադրողները Ռուսաստանում, եւ ինչպես է ՀՀ օրենքի բացը ազդում ուղեւորափոխադրումների ոլորտի վրա։

Պարոն Հարությունյան, Տուլայի շրջանի դատախազությունը հրապարակել է Տուլայի վթարի հիմնական վարկածը, ըստ որի վթարի պատճառը եղել է անուշադրությունը: Դուք դեպքի մանրամասներին տեղյա՞կ եք, գիտե՞ք՝ ինչ է կատարվել իրականում:

Դժբախտ դեպք է, կյանք է, բոլորի հետ կարար պատահեր, բոլորս էլ մարդ ենք: Եթե ինքը լիներ վատ, անփույթ վարորդ, ես իրեն չէի պահի: Բայց ինքը շատ լավ վարորդ էր: 5 տարի աշխատել է իմ մոտ, ոչ մի խնդիր չի եղել իր հետ կապված, շատ նորմալ աշխատել է: Իմ իմանալով ինքը չի քնել, ուղղակի ձեռքից հեռախոսն ընկել է, կռացել է, որ հեռախոսը գետնից վերցնի, ձախ ձեռքով ռույլը բռնած ա եղել, մի թեթեւ ղեկը ֆռռացել է ու էլ չի կարողացել դզի:

Վարորդին՝ Գառնիկ Հարությունյանին հանրային պաշտպան է տրամադրվել, Դուք վարորդին օգնե՞լ եք վճարովի փաստաբանի ծառայությունից օգտվելու հարցում։

Ես գնացի, որ փաստաբան վարձեմ, իր քույրն ասեց՝ մի վարձի, կդիմենք քեզ, երբ հետո պետք լինի: Ես ամեն ինչ փորձել եմ անել, որ վարորդի պատիժը մեղմեն: Իրեն 7 տարի է հասնում, բայց ինձ թվում է՝ կտան մի 4 տարի, մարդիկ  դրական են տրամադրված:

Քննության ընթացքում, ամեն դեպքում, ավտոբուսի տեխնիկական զննություն պետք է անցկացվի: Տեխնիկապես ի՞նչ վիճակում էր ավտոբուսը:

Ավտոբուսը 2014թ. ավտոբուս էր, որը վարկով էի վերցրել, մի քանի տան գին արժեր: Ամեն հարմարություն ուներ, վարորդի համար քնելատեղ ուներ: Մենք ամեն ինչ ապահովել էինք, էն դեպքում, երբ նույն ձեւ ուղեւորափոխադրումներ են անում 20 տարվա ավտոբուսներով: Հիմա ես էլ իմ մեքենան կորցրի:

Դեպքից հետո «Քինգ Դելյուքս» ընկերության աշխատանքում ի՞նչ է փոխվել:

Աշխատում է նույն ձեւ, մենակ խնդիր է լինում, երբ որ մարդիկ գալիս, նստում են, որ արդեն պետք է գան Հայաստան, ՌԴ ոստիկանությունը տրանսպորտի տեսչության հետ գալիս, չի թողնում, որ ավտոբուսը շարժվի, տանում է պլաշչադկա: Մեր մի մեքենան մի քանի օր առաջ ենք հանել պլաշչադկայից, մինչեւ 200 հարյուր հազար ռուբլի վճարել ենք դրա համար: Ոչ մի ձեւ չբացատրեցին: Ասում ենք՝ հեսա ոչ կանոնավորի թղթերը, ասում են՝ մեզ հետաքրքիր չի, տանում ենք տուգանային հրապարակ ու վերջ, նայում են դեմքիդ, ասում են՝ լավ ենք արել:

Փաստորեն, լինելով կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող լիցենզավորված ընկերություն, դուք նաեւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ եք կատարում հստակ սահմանված ժամանակացույցով:

Օրենքը բաց ա: Բոլորը՝ ոչ կանոնավորն էլ, կանոնավորն էլ օրենքի մեջ են քշում, օրենքը թույլ ա տալիս: Սոչի ունենք, Վոլգոգրադ ունենք, բայց Մոսկվա չունենք կանոնավոր: Ինչո՞ւ չենք վավերացնում դա: Բոլորը քշում են ոչ կանոնավորի տակ, եթե մենք վավերացնենք հարկայինում, մյուսները մեկ ա՝ շարունակելու են ոչ կանոնավորի տակ քշեն: Կանոնավոր ժամերով ենք գնում, ուղարկում ենք ոչ կանոնավորի տակ:

Այսինքն` դուք անօրինական եք գործում, երբ կանոնավոր ուղեւորափոխադրում եք կատարում ոչ կանոնավորի անվան տակ:

Բոլոր ընկերություններում էլ կա անօրինական գործունեությունը: Օրենքը բաց է, թույլ է տալիս քեզ, որ տենց աշխատես: Դրանից խուսափելու համար պիտի օրենք փոխեն: