Սեպտեմբերի 5-ին, մի շարք հասարակական կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ ուխտագնացություն են կատարել Օշական՝ Սբ․ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Իրենց հետ բերած այբուբենի տառերով զարդարելով եկեղեցու ցանկապատը` մասնակիցներն այնուհետեւ այցելել են Մաշտոցի գերեզման` երդվելով հավատարիմ մնալ նրա գործին: Պատարագին մասնակցելուց եւ մոմեր վառելուց հետո եկեղեցուն կից «Կարին» համույթի կատարմամբ ներկայացվել են ազգագրական երգեր եւ պարեր:

Այնուհետեւ վերադառնալով Երեւան` ուխտագնացության մասնակիցները Մատենադարանի հարթակում` Մաշտոցի արձանի մոտ, միացել են մեկնարկող «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթին: Վանկարկելով արդեն ավանդական դարձած «Կրթությունը հայերեն», «Հայ մանուկին հայ դպրոց», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է», «Գաղութացմանը` ո՛չ» եւ այլ կարգախոսներ` մի քանի հարյուր ցուցարարներ «Ո՛չ օտարալեզու դպրոցներին» գրությամբ պաստառները եւ շարժման խորհրդանիշը դարձած հայոց այբուբենի տառերը վեր պարզած` անցել են Մաշտոցի պողոտայով մինչեւ Սբ. Սարգիս եկեղեցի:

 Ուխտագնացության եւ երթի նպատակն էր հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ բեւեռել Մեսրոպ Մաշտոցի ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա եւ, մասնավորապես, Ազգային ժողովի կողմից տխրահռչակ օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունման դեմ բողոքի արտահատությունը (նկարները տեղադրված են facebook-ի «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության խմբի էջում http://www.facebook.com/group.php?gid=112426852127161&v=photos ):

Վերջում ընթերցվել է երթի մասնակիցների դիմումն` ուղղված ՀՀ իշխանություններին, որում ասված է․

 «Մենք` «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթի  մասնակիցներս, գիտակցելով, թե հայոց լեզվի եւ անկախության ապագայի տեսանկյունից ինչպիսի մեծ վտանգ է ներկայացնում օտարալեզու դպրոցների մուտքը Հայաստան,

ա. պահանջում ենք ՀՀ կառավարությունից հետ կանչել Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը, հակառակ դեպքում` Ազգային Ժողովից` մերժել այն:

բ. առաջարկում ենք օրինագիծը կասեցնելուց հետո կազմակերպել հասարակական քննարկումներ լեզվի եւ հանրակրթության խնդիրների շուրջ»:
 Դիմումը ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները.

«Ազգային Նոր Պահպանողական շարժում»

«Ասպարեզ լրագրողների ակումբ»

«Դեմոկրատիա այսօր» ՀԿ

«էԼԲԱ» (էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա)

Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ

Իրանահայեր լրատու ցանց

«Լեզվի ժողովրդական տեսչություն» քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն

«Հայազն Երիտասարդների Միաբանություն» ՀԿ

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա

«Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնություն

«Հիմա» երիտասարդական նախաձեռնություն

«Ձեռք» երիտասարդական կրթական ՀԿ

«Շիրակ Կենտրոն» ՀԿ

«Սերունդ» ՀԿ

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ

Yerevaklur.am լրատու ցանց: