Լավ կլինի, եթե Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման նախագիծն իրականություն դառնա: Այսօր` սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ ինքը Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի նիստում մեկ անգամ հանդիպել եւ խոսել է Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանի հետ:

Նրա խոսքով, Դիլիջանի եւ Ռեգենտների դպրոցներն «այդ պահին կոնկրետ ուրվագծված նախագծեր էին»։ «Ես կարծում եմ եւ հուսով եմ, որ Դիլիջանի դպրոցը կհասնի իր նպատակակետին։ Բայց օրենսդրական փաթեթը չի շաղկապվում Դիլիջանի դպրոցի բացվել-չբացվելու որոշման հետ։ Այդ օրենքը պետք է լինի»,- նշեց ԿԳ նախարարը՝ օրինակ բերելով Վրաստանին, որի կրթության եւ գիտության նախարարությունը «Անգլերենը երկրորդ լեզու» ծրագրի շրջանակներում նախատեսում է անգլիախոս երկրներից Վրաստան տարեկան 2000 անգլերենի ուսուցիչներ հրավիրել։

«Վրաստանի կառավարությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում հրավիրել 10 հազար անգլերենի բնական կրող ուսուցիչների, ովքեր անգլերեն կսովորեցնեն աշակերտներին», -նշեց նախարարը՝ ընդգծելով, որ օտար լեզուների իմացությամբ հասարակության դաստիարակումը «միջազգային միտում է, միջազգային թրենդ, բնության եւ քաղաքակրթական զարգացման օրենքներից մեկը, եթե ուզում ես լինել մրցունակ»։

«Այն բոլոր շահարկումները, թե սա արվում է հայոց լեզվի հաշվին, ես որոշել եմ այլեւս չմեկնաբանել»,- նշեց Աշոտյանը՝ չպատասխանելով, սակայն, այն հարցին, թե ո՞վ, եթե ոչ ԿԳ նախարարը, պետք է զբաղվի այդ հարցով։

Նշենք, որ կառավարությունը ամիսներ առաջ կրթության մասին օրենքում փոփոխություններ էր առաջարկել, որոնք հնարավոր են դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացումը։ Թե Դիլիջանի, թե Ռեգենտների դպրոցներ բացելու նախաձեռնությունների հեղինակները, ներկա պահին, հրաժարվել են իրենց ունեցած ծրագրերից: