Հայաստանում զույգերի շրջանում ամուսնալուծությունների պատճառները հիմնականում կանանց ինքնուրույն դառնալն է եւ տղամարդկանց դավաճանությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհում ամուսնալուծությունները շատացել են: Պատճառը հիմնականում այն է, որ կանայք սկսել են կարիերա անել, անկախանալ, հարստանալ, աշխատել , որն էլ նրանց ինքնուրույնություն է տալիս: Դա դուր չի գալիս տղամարդկանց, ինչն էլ հանգեցնում է բաժանությունների»,-ասաց նա:
Հոգեբանի խոսքով, ամուսնալուծությունների մյուս պատճառը դավաճանություններն են` հիմնականում ամուսնու կողմից:
«Պատճառներից է նաեւ բարեկեցությունը, երբ ընտանիքը հարստանում է, տղամարդկանցից շատերն սկսում են սիրուհի պահել եւ դա հաճախ ամուսնալուծությունների է հանգեցնում: Ստացվում է, որ զարգացած հասարակությունում, բարձր եկամուտ ունեցող ընտանիքներում ամուսնալուծություններն ավելի շատ են լինում: Այս երկու հիմնական պատճառներն են, որոնք նպաստել են ու նպաստում են ամուսնալուծությունների աճին»,-ասաց հոգեբանը:
Նրա խոսքով, հոգեբանի օգնությանը դիմում են հիմնականում ամուսնության երկրորդ տարում գտնվող զույգերը, որոնք բաժանման եզրին են` ունեն իրար հարմարվելու խնդիր. Շատ են դիմում զույգեր, որոնք բաժանման եզրին են, հիմնականում նոր ամուսնացած զույգերն են, որոնց մոտ իրար հարմարվելու ճգնաժամային շրջան է:
Սամվել Խուդոյանը նշեց, որ ի տարբերություն երիտասարդ զույգերի` հասուն տարիքում բաժանությունների պատճառը ամուսնու դավաճանությունն է լինում:
«Տղամարդկանց մազերը սպիտակում է, սատանան մտնում է, տղամարդու էության մեջ: 40-50 տարեկանում դավաճանությունների թիվը տղամարդկանց կողմից կտրուկ աճում է, որի պատճառով էլ կանայք հաճախ բաժանվում են նրանցից»,-ասաց հոգեբանը:





























