Լինելով փոքր պետություն, Հայաստանը զարգացրել է աշխարհի հետ հարաբերվելու իր առանձնահատուկ մոդելը: Այս մասին այսօր մարտի 16-ին, Կիպրոսի համալսարանում իր ելույթում հասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փոխշահավետ գործընկերություն է զարգացնում արևմտյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տասնյակ պետությունների հետ՝ Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բրազիլիա: Այս ցանկը կարելի է շատ երկար թվարկել»,- ասել է նախագահը՝  առանձնացնելով նաեւ Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրների հետ ավանդական բարեկամական հարաբերությունները,  «որոնց զարգացման համար երբևէ խոչընդոտ չի հանդիսացել կրոնական, ազգային կամ որևէ այլ գործոն»։

Նույն տրամաբանությամբ, նախագահի խոսքով, Հայաստանը համադրում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում եւ արդյունավետ ծրագրերը ՆԱՏՕ-ի հետ, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը ՝ Հայաստանը շարունակում է հետևողականորեն ընդլայնել երկարաժամկետ գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ:

«Այդ գործընկերությունը Հայաստանում բարեփոխումների խորացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական փոխգործակցության խթանման կարևորագույն երաշխիքն է: 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, որն ակնկալում ենք ավարտել հնարավորինս կարճ ժամկետներում։

Շատ կարևոր է, որ այս մոտեցումը, որը, գուցե, ի սկզբանե թյուրըմբռնումների տեղիք տվեց, ներկայումս ընկալելի է դարձել մեր գործընկերների համար, ավելին՝ արժանանում է նրանց գնահատանքին։ Արդյունքում, Հայաստանը հանդես է գալիս որպես կայուն պետություն և կանխատեսելի գործընկեր՝ առանց խնդիրներ ստեղծելու իր և այլ պետությունների համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով՝ Հայաստանն իր տնտեսական գրավչությունը բարձրացնում է նաեւ իր ԵՄ գործընկերների աջակցությամբ, քանի որ Հայաստանի համար նշաձող են հենց արևմտյան առաջատար տնտեսությունները։ Սերժ Սարգսյանն առանձնացրել է Հայաստանի գրավչության որոշ ասպեկտներ:

«Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների արդյունքում, ինչպիսին էր Իրանի 77 միլիոնանոց տնտեսական շուկայի վերաբացումը, նոր, լայն դաշտ է բացվում մեր տնտեսական դիվանագիտության համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Արտոնյալ մուտքի հնարավորություն ունենք նաև Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա։ 2015թ. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA)։ Մենք այն ընդունեցինք որպես վստահության դրսևորում մեր երկրի նկատմամբ »,- ասել է նա: