Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն արդիական է դարձել ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ ռուսական լրատվամիջոցների համար, որոնց հրապարակումները հաճախակիացել են հատկապես այն բանից հետո, երբ «ուղիղ գծի» ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնը հայտնել էր, որ Ռուսաստանն անելու է ամեն բան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից ելք գտնելու համար՝ նշելով, որ դա շատ զգայուն թեմա է, եւ իրենք պետք է դրան մոտենան ամենայն պատասխանատվությամբ, բժշկական «մի՛ վնասիր» սկզբունքով։
Դրանից անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները, սկսեցին ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ մատուցել։ Օրինակ՝ ռուսական «Իզվեստիան» գրել էր, որ Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն նպաստելու են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում փոխզիջում գրանցելուն։ Ընդ որում, բանակցությունները սկսվելու են մոտ ժամանակներս։ Պուտինը, ըստ աղբյուրների, պատրաստ է անձամբ համոզել 2 կողմի քաղաքական գործիչներին, որ անհրաժեշտ է փոխզիջման գնալ։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմում իր աղբյուրները, գրել էր, որ ՌԴ նախագահը դիմելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ առաջարկելով վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ բանակցությունները, որոնք պետք է սկսվեն մոտ օրերս։
Կրեմլում թերթի զրուցակիցը հասկացնել էր տվել, որ Մոսկվան շատ մեծ կարեւորություն է տալիս ղարաբաղյան հակամարտության լուծմանը։ «Երեւանին եւ Բաքվին համոզելով դադարեցնել մարտական գործողությունների ակտիվ փուլը՝ Պուտինը մտադիր է վերսկսել խաղաղ բանակցային գործընթացը հետխորհրդային տարածքում հնագույն հակամարտություններից մեկի երկարաժամկետ լուծման համար։ Երկխոսության վերսկսման դեպքում ղարաբաղյա հակամարտության կարգավորման նախաձեռնությունը արեւմտյան միջնորդներից կանցնի Մոսկվային։
Լեռնային Ղարաբաղում նոր բանակցությունների մասին գաղափարը զգուշավորությամբ ընդունեցին։ «Եթե նման բանակցություններ կայանան, հիմնական շեշտադրումը պետք է դրվի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պաշտպանության վրա»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առանց ԼՂՀ-ի անհնար է։
«Եթե քննարկենք հետագա կարգավորումը, ապա Կազանի փաստաթղթի հիման վրա»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նկատի ունենալով 2011-ին Թաթարստանի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովը։ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները քննարկել էին ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման «ճանապարհային քարտեզի» նախագիծը։ Դրանով նախատեսվում է Բաքվին հանձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները (Ջրակնի (Ջեբրայիլի), Զանգելանի, Կուբաթլիի, Քարվաճառի, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ակնայի (Աղդամի) շրջանների մի մասը եւ Բերձորի շրջանի 13 գյուղերը), իսկ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կամուրջ թողնել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պլանավորվում էր սահմանել մի քանի տարի անց հանրաքվեի միջոցով փախստականների խնդիրը լուծելու պայմանով։ Սակայն վերջին պահին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության չէին եկել։
Նախօրեին Հայաստանի կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյան հայտնել էր, որ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ նախկինում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկմանը։ Նրա խոսքով՝ Ղարաբաղի շուրջ տարածքները զբաղեցվել են հայկական ուժերի կողմից, որպեսզի դրանք հետո վերադարձվեն ֆիզիկական անվտանգության երաշխիքով ԼՂՀ անկախության ճանաչման դիմաց։ Առկա պայմաններում, զրուցակցի խոսքով, այդտեղից կշարունակեն սպանել Ղարաբաղի բնակչությանը։ «Ոչ մի իշխանություն ո՛չ այստեղ, ո՛չ Ղարաբաղում չի կարող հակառակն անել. եթե հրաժարվի ուլտիմատումից, նրան կտապալեն 2 ժամում։ Մենք երբեք չենք հրաժարվի գլխավոր պահանջից՝ Ղարաբաղի անկախության ճանաչումից»։
Ինչ վերաբերում է փորձագիտական կարծիքներին, ապա նրանց կարծիքը միասնական է. Պուտինին ակտիվ գործողությունների է մղում բարդ իրադրությունը, որը ստեղծվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը պետք է վերականգնի իր հեղինակությունը Հայաստանում, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններում Մոսկվայի համար կարեւոր է թույլ չտալ, որ վերջինս ամբողջովին հայտնվի Թուրքիայի ազդեցության գոտում», - գրում է «Կոմերսանտ»–ը։




























