Թուրքիայում 20-րդ դարի առաջին ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել 1960-ի մայիսին: Այդ շրջանում երկրում իշխում էր Ժողովրդավարական կուսակցությունը: Պաշտոնյաների հարստացումները մտավորականության եւ զինվորականների շրջանում բողոքի տեղիք էին տալիս. ի պատասխան՝ կառավարությունը խստացնում էր հալածանքները, բանտերը լցնում ռեժիմի ժողովրդավարացման համար պայքարողներին: 1954-ին երկրում օրենք է ընդունվում, որի համաձայն՝ խիստ գրաքննադատության են ենթարկվում լրատվամիջոցները: Օրենքը պատիժ էր սահմանում հակակառավարական հրապարակումների համար: Փակվում են մի քանի թերթեր, այդ թվում՝ Ulus, Hürriyet եւ Tercüman օրաթերթերը: Դժվարանում է արտասահմանյան մամուլի աշխատանքը: 1960-ի գարնանը Անկարայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայի դուրս եկան:  Մայիսի վերջին բանակը կալանավորեց իշխող Ժողովրդավարական կուսակցության անդամներին եւ հանձնեց դատարանին:

1961-ի սեպտեմբերին իշխանազրկված վարչապետ Ադնան Մենդերեսը մահապատժի դատապարտվեց եւ կախաղան հանվեց: Նրա հետ մահապատժի դատապարտվեցին ֆինանսների նախարար հասան Փոլաթքանը եւ ԱԳ նախարար Ֆաթին Ռուշթու Զորլուն:

Հանուն Աթաթուրքի բարեփոխումների

1971-ի մայիսին բանակը պահպանողական վարչապետ Սուլեյման Դեմիրելին ստիպեց հրաժարվել իշխանությունից: Զինվորականները պահանջում էին ստեղծել կառավարություն, որը պետք է վերջ դներ անարխիային եւ կյանքի կոչեր Քեմալ Աթաթուրքի բարեփոխումները: Քաղաքների փողոցներում արմատական խմբավորումները ակցիաներ էին կազմակերպում: Իշխանության եկած տեխնոկրատները սահմանադրական փոփոխություններ կատարեցին՝ բարձրացնելով բանակի դերը քաղաքականության մեջ եւ կրճատելով մամուլի ու համալսարանների ազատությունը: Դրա հետեւանքով Սուլեյման Դեմիրելը կարողացավ ձեւավորել 4 կուսակցություններից կազմված կոալիցիա եւ նորից եկավ իշխանության: Նա երեք անգամ վարչապետ դարձավ, իսկ 1993-ին ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը:
 

Բանակը պաշտպանում է քաղաքական բռնության զոհերին

1980-ին տեղի է ունենում երկրի քաղաքական կյանքում բանակի վերջին նշանակալի միջամտությունը. զինվորականները գրավում են իշխանությունը աջակողմյան եւ ձախակողմյան ուժերի միջեւ զինված բախումից հետո:  1970-ական թթ. վերջին երկրում քաղաքական բռնությունն հասնում է իր գագաթնակետին, զոհերի ընդհանուր թիվը մեկ տասնամյակում հասնում է 5 հազարի. ամեն օր տասնյակ մարդիկ են սպանվում: 1980-ի հեղաշրջումից առաջ երկրի 2 տասնյակ նահանգներում ռազմական դրություն է մտցվում:

Անվտանգության ազգային խորհրդի կողմից կառավարության տապալումից հետո նախագահ է դառնում զինվորականների առաջնորդ Քենան Էվրենը: 1980-1983թթ. Թուրքիայում 800 օրենք են ընդունում, որոնք ամրապնդում են զինվորականների իշխանությունը:

Հեղաշրջումից հետո աջակողմյան եւ ձախակողմյան շարժումների առաջնորդներին դատեցին զինվորական օրենքով: Դատապարտվեց 230 հազար մարդ, 14 հազարը զրկվեց քաղաքացիությունից:

2012-ին Քենան Էվրենին եւ երկրի ՌՕՈւ նախկին հրամանատար Թահսին Շահինքային դատում են հեղաշրջման եւ 1980-ին օրինական կառավարության տապալման համար: Այդ ժամանակ Էվրենն արդեն 94 տարեկան էր, Շահինքայը՝ 86: Նրանք երկուսն էլ ցմահ ազատազրկման են դատապարտվում: 2014-ի հուլիսին դատավճիռն ուժի մեջ է մտնում: Երկու գեներալների կոչումն իջեցնում են մինչեւ շարքայինի: Նրանք մահանում են 2015-ին:

Թուրքիան՝ աշխարհիկ իշխանության մաքառումներում

1997-ի սկզբին զինվորականները ստիպեցին Թուրքիայի վարչապետ Նեջմեթդին Էրբաքանին վերանայել երկրի օրենսդրությունը՝ այն ավելի աշխարհիկ դարձնելու համար: Ի պատասխան՝ Էրբաքանը եւ նրա աշխատակազմը հրաժարական տվեցին:  Նեջմեթդին էրբաքանը Թուրքիայի պատմության մեջ վարչապետի պաշտոնը զբաղեցրած առաջին իսլամիստն էր: 2013-ին դատում են 1997-ի հեղաշրջման մասնակիցներին:  Ամբաստանյալների թվում էր երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը:

Զինվորականներն՝ ընդդեմ Էրդողանի բռնապետության

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ զինվորականները երկրում ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Ուրբաթ ուշ երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը տեղի ուենցածն անվանեց զինվորականների փոքր խմբի խռովության փորձ եւ քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոց: