Նեյրոկենսաբաններին առաջին անգամ հաջողվել է լույս սփռել դեժավյուի բնույթի վրա. դա հոգեբանական վիճակ է, երբ մարդն զգում է, որ արդեն եղել է ինչ-որ իրավիճակում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով New Scientist-ը:
Գիտնականները երկար ժամանակ չէին հասկանում այս երեւույթի առաջացման բնույթը: Վարկածներից մեկի համաձայն՝ դա նման է ուղեղի կեղծ հիշողություններ առաջացնող հատկությանը, սակայն Սենթ Էնդրյուսի համալսարանի աշխատակից Ակիրա Օ՛Քոննորի գլխավորությամբ գիտնականներն ապացուցել են, որ դա այդպես չէ:
Նրանք օգտագործել են կեղծ հիշողություններ առաջացնելու համար կիրառվող մեթոդը, երբ մարդուն իմաստով կապված բառեր են ասում, օրինակ՝ բարձ, մահճակալ, գիշեր, երազ, բայց չեն ասում դրանք կապող «քուն» բառը: Սովորաբար մարդը դրանք հիշելիս, ասում է նաեւ բաց թողած բառը: Համանման փորձում բառերն արտաբերելուց հետո կամավորներին հարցրել են՝ արդյոք նրանք լսե՞լ են «ք» տառով սկսվող բառ, եւ բոլորը բացասական պատասխան են տվել:
Ավելի ուշ, երբ մասնակիցներին հարցրել են՝ ի՞նչ բառեր են նրանք լսել, նրանք հիշել են, որ «ք» տառով սկսվող բառ չի հնչել, սակայն երբ նրանց հարցրել են «քուն» բառի մասին, հիշողության մեջ կեղծ հուշ է արթնացել, եւ նրանք խոսել են դեժավյուի մասին: ՄՌՏ-ի օգնությամբ գիտնականները հաստատել են, որ այդ պահին ակտիվանում է մարդկանց գլխուղեղի պրեֆրոնտալ կեղեւը, որը մասնակցում է որոշումների կայացմանը:
Գիտնականների կարծիքով՝ դա նշանակում է, որ դեժավյուն մարդու հիշողության ստուգման համակարգի լավ աշխատելու ցուցիչն է, եւ մարդը հազվադեպ է մոռանում իրադարձությունները:




























