Այսօր` հոկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, Սարահարթ գյուղում հանձնել ութ բնակավայրերում կառուցված 157 տների հավաստագրեր։ Առանձնատները կառուցվել են «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի» շրջանակում։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետության կողմից կառուցված առանձնատները տրվում են սեփականության իրավունքով։ «Այս նախաձեռնությամբ եւս մեկ անգամ հնարավորություն ունենք ընդգծելու, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը, այն է, 7000 անօթեւան ընտանիքներին ապահովել բնակարաններով, ի կատար է ածվում»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով, աղետի գոտում ընդհանուր առմամբ իրականացվում է 250 մլն դոլարի շինարարություն, որի շրջանակներում 7000 անօթեւան ընտանիքներ կստանան պետության կողմից խոստացված բնակարանները։ «Շատ ուրախ եմ, որ 157 ընտանիքների հանձնում ենք բնակարանների հավաստագրերը, հասկանալի է, որ 7000 ընտանիքով մենք ամբողջությամբ խնդիրները դեռեւս չենք լուծում»,- նշել է վարչապետը:
Նրա հաջորդ կանգառը Սպիտակում էր, որտեղ վարչապետը մասնակցել է քաղաքի «Վարպետաց» թաղամասում «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակում իրականացվող ծառատունկին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միասին» շարժման
երիտասարդներին, որոնք հետեւողական են եւ վերահսկում են կառավարության կողմից հաստատված «Մաքուր հայրենիք» ծրագրի իրականացումը։ Դա ամենակարեւոր երաշխիքն է այն բանի, որ «Մաքուր հայրենիք» ծրագիրը կհասնի իր նպատակին»,-ասել է վարչապետը, հավելելով, նպատակահարմար կլինի, որ բոլոր մարզպետները ծրագիրը վերցնեն իրենց անձնական հսկողության տակ եւ մարզերում այն իրենք իրականացնեն։
«Վարպետաց» թաղամասում կառուցվել են 220 առանձնատներ, որոնց շահառուները վիճակահանությամբ արդեն ստացել են իրենց հասանելիք բնակարանները։




























