Հայաստանի կառավարությունը այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայացած նիստում   փոփոխություններ ու լրացումներ է կատարել միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման եւ դրանց կառուցման արտոնագրման կարգերը եւ արտոնագրի ձեւերը հաստատելու որոշումներում։

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայանության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ, ինչը անվտանգության նոր պահանջներ է նախատեսում նշված գործընթացներում։

Մեկ այլ որոշման մեջ կատարվել է լրացում, որի համաձայն «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցումն իրականացնելու համար` որպես պատվիրատու կազմակերպություն, կստանձնի նաեւ շահագործող կազմակերպության պարտականություններն ու իրավասությունները։