Հացի որակի բարելավիչները հացաբուլկեղենի արտադրության մեջ պետք է խիստ սահմանված չափաբաժնով օգտագործվեն, սակայն ներկայումս տեխնոլոգիաները եւ չափաբաժինները չեն պահպանվում։ Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հնչեցրեց Սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի եւ մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը։

Նրա հավաստմամբ, հաց արտադրող մանր եւ միջին փռերը կարեւորություն են տալիս միայն արտադրանքի տեսքին։

«Բայց հացի տեսքը խաբուսիկ է։ Ձեռքդ ես վերցնում փքված, ախորժալի հացը, որի խմորը, սակայն, անհասկանալի ձեւով ձգվում ու ձգվում է։ Դա խոսում է բարելավիչների չափաբաժնի չարաշահման մասին։ Բացի այդ, այսօր շուկայում վաճառվող հացի 1/3-ն անհայտ ծագում ունի։ Փոքր եւ միջին փռերի տերերը մակնշումից խուսափում են ոչ միայն որակի, այլ նաեւ հարկային դաշտում չբացահայտվելու համար»,- համոզմունք հայտնեց Ֆրունզե Հայթյանը։

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը հաստատեց, որ խանութներում վաճառվող ոչ մի հաց չի մակնշվում, գնապիտակներ էլ հազվադեպ են փակցված լինում։

«Ներկայումս մի քանի լաբորատորիաների խնդրել ենք որոշ արտադրամասերի հացի եւ խմորեղենների որակի ստուգման հետազոտություններ անցկացնել։ Արդյունքների մասին կհայտնենք տարեվերջին ներկայացվելիք մեր զեկույցում»,- ամփոփեց նա։