Այսօր` հոկտեմբերի 19-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովները ձեռնամուխ են եղել 2011 թվականի Պետական բյուջեում օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերի ֆինանսավորման քննարկմանը: Հարցը ներկայացնում է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նրա տեղեկացմամբ` 2011-ին կառավարման պահպանման նպատակով նախատեսվել է 55.6 մլրդ դրամ, որը 2010 թ. մակարդակը գերազանցում է 3.3 մլրդ դրամով: Սակայն ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ կառավարությունն ունի մի ռազմավարություն, ըստ որի պետական ապարատի պահպանման ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում եւ ընդհանուր ծախսերում անընդհատ պետք է կրճատվի: Օրինակ` 2004 թ. կառավարման ապարատի պահպանման ծախսը ընդհանուր ծախսերի 7.5 տոկոսն էր, ներկայացված նախագծում` 5.5 տոկոսը: ՀՆԱ-ի մեջ կառավարման ապարատի պահպանումը մոտ 1.48 տոկոս է: Ըստ Սաֆարյանի` այլ երկրներում այդ ծախսերը սովորաբար կազմում են 2-2.5 տոկոս:

Սակայն ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց փոխնախարարի ներկայացրած վիճակագրության հետ: Նրա տվյալներով` հանրային ծառայությանն ուղղվող ծախսերը զարգացած երկրներում կազմում են ՀՆԱ-ի 11-13 տոկոսը, իսկ զարգացող երկրներում` 6-8 տոկոսը: Այսինքն` Հայաստանի ցուցանիշը 4-5 անգամ զիջում է համանման երկրների ցուցանիշին: Դրանով Դաշնակցության ներկայացուցիչը մեծապես պայմանավորեց  նաեւ պետական համակարգի աշխատանքի անարդյունավետությունը: