Ակնհայտ անհամասնություն կա ԾԻԳ-երի (ծրագրերի իրագործման գրասենյակներ, որ սովորաբար ստեղծվում են վարկերի կամ դրամաշնորհների շրջանակներում) եւ գործադիր մարմինների աշխատակիցների աշխատավարձերի միջեւ: Այսօր` հոկտեմբերի 19-ին, բյուջետային քննարկումների ժամանակ նման հայտարարություն կատարեց հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը համաձայնեց դրա հետ, ասելով, որ աշխատանքներ են տարվում այդ անհամասնությունները հարթելու համար: Համաշխարհային բանկը նույնիսկ մի հետազոտություն է իրականացրել, ըստ որի` վերջին 10-15 տարում տեղի է ունեցել բարձրորակ աշխատակիցների հոսք նախարարություններից դեպի ԾԻԳ-եր: Այդ հետազոտությունում նույնիսկ դեպքեր են արձանագրվել, որ որոշ ԾԻԳ-եր սկսել են քաղաքականության մշակման գործառույթ իրականացնել, քանի որ նրանց կադրերն ավելի որակյալ են: Դա կանխելու համար կառավարությունը վերանայել է գերատեսչությունների կանոնադրությունները, ինչպես նաեւ փորձելու է կիրառել պետծառայողների խրախուսման մեխանիզմներ:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների` ԾԻԳ-երի աշխատակիցները վարկերի հաշվին 1000-3000 դոլար ամսական աշխատավարձ են ստանում:




























