Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութին։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ներկայացնելով բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարութան կողմից իրականացվող ծրագրերը` խոսել է ոլորտում հասարակական կազմակերպությունների եւ կառավարության միջեւ ծավալված արդյունավետ երկխոսության մասին։
Հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի եւ առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի շուրջ։ Պահպանվող տարածքների համատեքստում, մասնավորապես, քննարկվել են գյուղատնտեսական հողերի դեգրադացման ու Սեւանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է արվել վտանգավոր նյութերի եւ թափոնների նվազեցման ու կենսաբազմազանության պահպանության խնդիրներին։
Համագործակցության հեռանկարային ուղղությունների համատեքստում արծարծվել է նաեւ լուսավորության համակարգերի էներգաարդյունավետության բարձրացման հարցը։ Այդ առումով Տիկին Բարբութը ներկայացրել է տարբեր երկրներում այդօրինակ ծրագրերի հաջող իրականացման փորձը։




























