Հոկտեմբերի 23-ին Երեւանի Կոմիտասի արձանին հարող տարածքում, ժամը 17:00-ին կկազմակերպվի համերգ-հանրահավաք նվիրված Թեղուտի անտառի եւ ընդհանրապես հայրենի բնության պաշտպանությանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Արփինե Գալֆայանն ասաց, որ համերգ-հանրահավաքի ժամանակ հնչելու է ռոք եւ բարդ երաժշտություն։ Ելույթ կունենա բնապահպան Կարինե Դանիելյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ հասարակական այլ գործիչներ ու ակտիվիստներ։

Բարձրացվելու են մի շարք բնապահպանական խնդիրներ, ինչպես նաեւ բնապահպանության  ոլորտում տարվող պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

«Հոկտեմբերի 23-ը խոհրդանշական իմաստ չունի, իրադարձությունների իմաստով ենք այն հարմարեցրել։ Կարեւոր շրջան է  թե՛ Թեղուտի եւ թե՛ բնապահպանական այլ որոշումների առումով։ Շուտով կլրանա Թեղուտի հանքարդյունաբերության մասին կառավարության որոշման 3 տարին։ Նաեւ սպասվում են ՎՏԲ բանկի  փորձաքննության արդյունքները, որից էլ կախված է հանքի ֆինանսավորման որոշումը։ Հոկտեմբերի վերջին սպասում ենք նաեւ Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկի որոշմանը, որով պարզ կդառնա կշարունակե՞ն նրանք աջակցել ՎՏԲ-ին»,- ասաց Արփինե Գալաֆյանը՝ հավելելով, որ համերգ-հանրահավաքն ի սկզբանե նախատեսել էին անցկացնել Կասկադում, սակայն տնօրինությունը մերժել է՝ այն քաղաքական ակցիա համարելով։