Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուասաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից, նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում։ Առավել կարեւոր է հայապահպանությանն ուղղված գործունեությունը, որը ծավալում է միությունը»։

Խոսելով  Ռուսաստանի հայերի միության աշխատանքի մասին` վարչապետը կարեւորել է դրա ազդեցությունը համայն հայության ներուժի ամրապնդման ու Հայկական աշխարհի ձեւավորման գործում. «Դրանով իսկ ձեւավորվում եւ ամրապնդվում է Հայկական աշխարհը եւ կապերը հայկական համայքների միջեւ։ Այսօր անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ այն աշխատանքներին, որ Ռուսաստանի հայերի միությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Դրանք ոչ միայն հումանիտար ծրագրեր են, այլ նաեւ իրական ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես, համոզված եմ, իրենց դրական արդյունքն են թողնելու ոչ միայն այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, այլ նաեւ լուրջ հիմքեր են դնում ապագա կայուն զարգացման համար»։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է պետական կառույցների ու միության համագործակցության կարեւորությունը եւ նշել, որ դա նպաստում է իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն, ինչպես նաեւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բազմազան խնդիրների լուծմանը։ Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը միությանը մաղթել է նորանոր հաջողություններ հայրենանվեր բոլոր ձեռնարկներում։