Պաշտոնական տվյալներով, հոկտեմբերին շարունակվել է արդեն ավանդույթ դարձած գնանկումը, որ հասել է զուտ խորհրդաշական մակարդակի՝ տարեկան կտրվածքով 0․1 տոկոսի։ Գնանկումը ժամանակավոր ընդամենը մեկ առավելություն է տալիս՝ նույն գումարով կարելի է ավելի շատ ապրանք ու ծառայություն գնել։ Սակայն դրա արդյունքն այդքան էլ դրական չէ։ Ասենք միջին աշխատավարձը լավագույն դեպքում սառեցվում է։ Վատագույն դեպքում, կարող է նույնիսկ կրճատվել։ Եթե ընկերությունը կորուստով է աշխատում, ապա անխուսափելի են նաեւ անձնակազմի կրճատումները։ Կամ էլ աշխատողների մի մասը կգնա ստվեր, ինչը բնորոշ է զարգացող երկրներին։

Բայց մանրածախ առեւտրի ոլորտում մեր իրողությունը իսպառ անտեսում է տեսությունը, նաեւ զարգացած երկրների փորձը։ Ահա ընդամենը մեկ օրինակ։ Հունվար- սեպտեմբեր ժամանակահատվածում խանութներում ընթացիկ գներով շրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 8․0 մլրդ դրամով (կամ 1․2 տոկոսով)։ Այսինքն առեւտրականների եկամուտը, թեկուզեւ ոչ այնքան շատ, բայցեւայնպես նվազել է։ Կարելի է ակնկալել փոքր հզորության խանութների սնանկություն, այդ ոլորտի նկատմամբ հետաքրքրության կորուստ։ Նաեւ անձնակազմի կրճատում։

Սակայն հայրենական խանութների ցանցն այդքան անբարենպաստ գործոններին արձագանքել է ինչպես օբյեկտների քանակի աճով (780 միավորով), այդպես էլ անձնակազմի թվաքանակով (ավելի քան 1․2 հազար մարդ)։ Բնականաբար այդ փաստը կարելի է միայն ողջունել, եթե այն համապատասխանում է իրականությանը։ Ըստ էության չի բացառվում նաեւ գնանկումով պայմանավորված վնասի փոխադրում առեւտրի ոլորտից սպառողական ապրանքների տեղական մատակարարներին։

Գնանկումը ամենեւին էլ չի նշանակում ապրանքների ու ծառայությունների համատարած էժանացում առեւտրի ոլորտում։ Ասենք ոգելից ըմպելիքներ ու ծխախոտային արտադրանք խմբում հոկտեմբերին միջին գները 0․3 տոկոսով ավելի բարձր էին, քան մեկ տարի առաջ։ Վճարովի ծառայություններիր գծով նույնպես աճ կար՝ 1․3 տոկոսի։

Չնայած պարենամթերային ապրանքների գները հոկտեմբերին նվազել են միջինը 2 տոկոսով, առանձին սննդամթերքներինը նկատելիորեն բարձրացել են։ Եվ այսպես շաքարը թանկացել է տարեկան կտրվածքով գրեթե 13 տոկոսով, ձուն՝ ավելի քան 14 տոկոսով։ Ի դեպ Ռուսաստանում այդ նույն շաքարի միջին գները հոկտեմբերին նվազել են տարեկան կտրվածքով 3․3 տոկոսով։

Բուսաբուծության առանձին մթերքների մասով մեր երկրում նույնպես գների երկնիշ աճ է գրանցվել։ Օրինակ խաղողը թանկացել էր 1․3 անգամ, խնձորն ու տանձը՝ գրեթե 1․4 անգամ, վարունգը՝ 1․2 անգամ, սխտոր ՝ գրեթե 1․3 անգամ եւ այլն։

Սմբատ Գրիգորյան