Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին բարեգործական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարը կարծես դաս չի եղել գյուղապետ ընտրված Հուսիկ Սեդրակյանին։
Պարզվում է, որ Հուսիկ Սեդրակյանը, որի նախաձեռնությամբ էր գործում վթարված անվճար ավտոբուսը, այժմ էլ որոշել է, որ Վարսեր- Սեւան բարեգործական ավտոբուս կգործի։ NEWS.am-ի հետ զրույցում նորընտիր գյուղապետը չհերքեց տեղեկությունը։
«Առաջիկայում ավտոբուսը կսկսի գործել»,- ասաց նա։
Հուսիկ Սեդրակյանը հրաժարվեց խոսել ողբերգական վթարի մասին՝ նշելով, որ տեղի ունեցածի հետ որեւէ առնչություն չունի, ապա հորդորեց այդ թեմային չանդրադառնալ ընդհանրապես։
«Ամբողջ գյուղը սգի մեջ է»,- նշեց նա։
Նշենք, որ վթարի գործով արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել ավտոբուսի վարորդ Գագիկ Ստեփանյանին Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:
Ըստ Վարսերում տարածված տեղեկությունների` Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր նույն գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Ըստ տարածված տեղեկությունների՝ Ստեփանյանը երթեւեկել է մաշված անվադողերով։



























