Հայկական սփյուռքում այժմ ավելի առաջնային է դարձել ԼՂ հակամարտության եւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների հարցը, քան Հայոց ցեղասպանության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ պատահական չէ, որ թե' ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, թե' Ամերիկայի հայկական համագումարը նախագահի ընտրությունների ժամանակ որեւիցե թեկնածուի չպաշտպանեցին:
«Առաջին անգամ էր սա, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ որեւիցե թեկնածուի չպաշտպանեց ոչ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ոչ Ամերիկայի հայկական համագումարը: Սա փաստում է այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս այն արդիականությունն ու ազդեցությունը չունի թե սփյուռքի, թե պրոցեսների վրա, ինչպիսին եղել է 10 կամ 20 տարի առաջ: Սակայն, դա չի նշանակում, որ հայ համայնքն իր ազդեցությունը չունի եւ Հայաստանին վերաբերող խնդիրներն իրենց ազդեցությունը չունեն: Խոսքը, այսպես ասած, պատմականորեն հայկական հարցի մասին, որը, ցավոք սրտի, միշտ խաղարկվել է: Այժմ ավելի ակտուալ խնդիրներ են դրվում՝ ԼՂ հակամարտության հարցը, Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերների հարցը: Պետք է հստակ փաստենք, որ արտաքին աշխարհում, հայկական սփյուռքում ավելի առաջնային է դարձել ԼՂ հակամարտության հարցը, քան ցեղասպնության խնդիրը, որը նորմալ երեւույթ է»,-ասաց նա:



























