Ստամբուլում մայթին հենվելու սովորության շնորհիվ «քյառթու» կատվի համբավ հանած Թոմբիլ անունով կատվի գողացված արձանը հայտնաբերվել է։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ կատվի արձանը գողացած անձը կամ անձիք այն հետ են բերել ու թողել նույն փողոցում։

Քաղաքապետարանը հայտնի կատվի արձանը վերականգնելու համար դիմել է մասնագետներին։

Նշենք, որ Թոմբիլ անունով կատվի սատկելուց հետո ինտերնետում ստորագրահավաք էր սկսվել կատվի արձանը տեղադրելու համար։ Քաղաքապետարանը ընդառաջ էր գնացել, եւ պատրաստված արձանը տեղադրել էր այն վայրում, որտեղ կատուն սիրում էր մայթին հենված նստել։

Սակայն արձանը տեղադրելուց մեկ ամիս անց արձանի հիմքերը քանդել ու գողացել էին այն։