Մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում տեսակետներ եւ կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, կիրառման եւ արդյունավետ կառավարման մեխանիզմների ձեւավորման, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության, թափանցիկ վերահսկման անհրաժեշտության եւ այլ հարցերի մասին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձեւաչափով քննարկումների կարեւորությունը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն ստանալ քննարկվող նախաձեռնության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել հանրության տարբեր տեսակետները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: Զոհվածների եւ 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները միանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝ 20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ, շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները): Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն: 2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 եւ 100 հազար դրամ ամսական: