Պետությունը 1.000 դրամ է պահանջում բոլոր աշխատողներին՝ անկախ աշխատավարձի չափից: Բայց ոչ ոք չի հարցրել, թե ինչ է դա նշանակում աղքատների համար: Այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ապահովագրական վճարների մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ առաջարկվում է այդ նպատակով քաղաքացիների աշխատավարձերից 1.000-ական դրամ գանձել:

Բիշարյանի խոսքով՝ հարկավոր է հարցնել նրանց, ովքեր միայն մակարոն եւ կարտոֆիլ են ուտում, թե ինչ է նրանց համար այդ հազար դրամը:

«Իսկ ընդհանրապես ես դեմ չեմ: Զինվորները պետք է բոլորից լավ ապրեն, որովհետեւ նրանք պաշտպանում են մեր հայրենիքը»,- նշել է պատգամավորը:

Օրինագծի համազեկուցող, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուր Նահապետյանն իր հերթին կրկնել է պետության հիմնավորումը. բոլոր զինծառայողների սոցիալական ապահովության համար բյուջետային միջոցները բավարար չեն, այդ պատճառով օգնություն է անհրաժեշտ նաեւ քաղաքացիներից: