Հայաստանի ԶՈՒ-ի Խաղաղարար բրիգադում ծառայություն են անցնում նաեւ կին զինծառայողներ: Այս մասին նոյեմբերի 15-ին Խաղաղարար բրիգադ այցելած Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների ռազմական կցորդներին տեղեկացրել է բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ բրիգադում կանայք են ծառայում, բայց խաղաղարար առաքելություններին նրանք չեն կարող մասնակցել: «Դրա համար կառավարության որոշում է անհրաժեշտ, բայց այն չկա»,- պարզաբանել է Արթուր Սիմոնյանը: Նա նաեւ նշել է, որ բրիգադի համալրումը շարունակվում է, հիմա այն կեսից ավելիով է կազմավորված:
Գործընկեր պետություններին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ գեներալ-մայորը նշել է, որ հայ զինծաայողները վերապատրաստում են անցնում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում:
«Ուզում եմ նշել, որ մեր երեք սպաներ Թագավորական զինվորական դասընթացն են ավարտել»,- հավելել է Արթուր Սիմոնյանը: Բրիտանական կողմը նաեւ աջակցում է չեխական Վիշկովոյում հայ սերժանտների վերապատրաստմանը:



























